Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ ուժեղ, հասուն կուսակցությունները շատ կարևոր են.ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ ուժեղ, հասուն, լավ կազմակերպված քաղաքական կուսակցությունները շատ կարևոր են,- Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին ընդառաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ըստ նրա, կառավարման մի մոդելից մյուսի անցման ընթացքում քաղաքական կուսակցություններն առանձնակի դերակատարում ունեն: Դեսպանի խոսքով, քաղաքական կուսակցությունները Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո իրենց դիտարկում են նոր տեսանկյունից. «Նոր սահմանադրությունը նոր գլուխ է բացել Հայաստանի քաղաքական կյանքում: Անցումը նախագահականից խորհրդարանական կառավարման մոդելի շատ կարևոր է, շատ լուրջ նախադրյալ է նաև քաղաքական կուսակցությունների համար»:
«Ցանկանում եմ, որ Հայաստանը զարգացնի, ստեղծի ուժեղ կուսակցական մոդելներ՝ առաջարկելով քաղաքացիներին բազմազան ընտրություն: Կուսակցությունները հենց դրա համար են, որպեսզի ընտրության հնարավորություն տան: Հայաստանի համար այս կարևոր փուլը, որոշ մարդիկ անվանում են քաղաքական խաչմերուկային փուլ, որտեղ քաղաքական կուսակցությունները կառուցողական դերակատարում պետք է ունենան»,- ասաց Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարը:
Նա հույս ունի, որ Հայաստանն առաջիկա ամիսներին, առաջիկա ընտրությունների ընթացքում և հետո ցույց կտա ընդհանուր արժեքների վաղեմության գաղափարը՝ անգամ խնդրահարույց միջավայրում, ակնհայտ խնդիրների և դժվար ընտրություների պայմաններում՝ կապված անվտանգության, հակամարտության իրական սպառնալիքի հետ, որին ականատես եղան մի քանի շաբաթ առաջ:
«Ինչպես միշտ Հայաստանի նախագահը շեշտադրում է, որ Հայաստանը ցանկանում է կապի մեջ լինել Եվրոպայի հետ ընդհանուր արժեքների հիման վրա: Հայաստանի համար դժվարին փուլ է, ժամանակահատված, նրանք ուզում են ցույց տալ, որ Եվրոպայի օրինական անդամ են ոչ միայն հարուստ քաղաքակրթությամբ, գեղեցիկ ինքնությամբ, այլ նաև հետևելով ընդհանուր արժեքներին»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Նշենք, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին ընդառաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» թեմայով քննարկմանը հրավիրված էին Եվրոպական քաղաքական կուսակցություններին անդամակցող ՀՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան