Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորի գործով ՊԵԿ-ը ստուգումներ կսկսի, երբ իրավական հիմքեր ունենա. Վախթանգ Միրումյան
«Պանամայի փաստաթղթեր» կոչվող հայտնի սկանդալի շրջանակներում բացահայտված ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային գոտիներում ունեցած բիզնեսի հետքերով Պետական եկամուտների կոմիտեն առայժմ ոչինչ չի ձեռնարկել: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
«Հարկային մարմինները անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն: Հարկային մարմինները կարող են հետաքրքրվել այն դեպքերում, երբ հարկային հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում մասնավորապես, որևէ ընկերության նկատմամբ կատարվում է պետական բյուջեի փոխհարաբերության ճշտության ստուգում և բացահայտվում է, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ և դրա արդյունքում կա բյուջե չվճարված հարկեր: Եթե կլինեն նման դեպքեր դրանց մասին կտեղեկացնենք», -հայտարարեց Միրումյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե նույնը ՊԵԿ փոխնախագահը հայտարարել էր մի քանի շաբաթ առաջ, արդյոք այդ ուսումնասիրություններն այդ ընթացքում չեն կատարվել, Միրումյանն ասաց, որ դրա համար կա ժամանակացույց և արտահերթ ստուգումներ իրենք չեն կարող կատարել:
Ինչ վերաբերում է ՊԵԿ ենթակայությամբ գործող քննչական վարչությանը, ապա Միրումյանը տեղեկացրեց, որ իրենզ քննչականը պետք է ստանա հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի որոշումը, նոր միայն քայլեր ձեռնարկի:
«Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ: Այլ հարց է, թե արդյոք դրա արդյունքում կարո՞ղ է հայկական ընկերությունը պակաս է վճարել իր հարկերը, թե ոչ», -հստակեցրեց Միրումյանը:
Լրագրողը փորձեց հասկանալ, արդյոք հարկային ծառայության խնդիրը չէ՞, որ օֆշորում գրանցված ընկերության հետ համագործակցության արդյունքում նա պակաս հարկեր է վճարել, ի պատասխան Միրումյանը դրական պատասխան տվեց ու հավելեց. «Եվ հարկային ծառայությունը, եթե քրեական գործի շրջանակներում կստանա համապատասխան որոշում իրականացնելու ստուգումներ, կսկսի ստուգել»:
Հիշեցնենք` Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել` ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:
Այս հոդվածով որպես պատիժ սահմանվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանը փորձել է իր ստվերային եկամուտները թաքցնել ոչ միայն հարկայինից, այլև իշխանություններից. ՀԺ
- Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
- Վախթանգ Միրումյանը՝ Միհրան Պողոսյանի շուրջ ծավալված օֆշորային խնդիրների մասին
- Միհրան Պողոսյանի հետ կապված նախապատրաստվում են նյութեր. Արփինե Հովհաննիսյան