Ռուստամյանն ասում է` ԸՕ-ի շուրջ լայն կոնսեսուսի հնարավորություն կա, Զուրաբյանը չի մեկնաբանում
4+4+4 ձևաչափով նախապատրաստվում է հայտարարություն, որից ենթադրելի է, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լայն կոնսեսուսի հնարավորություն կա: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների հետ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, եվրոպացի պատգամավորի հետ հանդիպման ժամանակ իրենք կարևորել են Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսեսուսի անհրաժեշտությունը և բացի այդ, համազեկուցողներին տեղեկացրել են, որ ըստ էության, հիմնական առաջարկներն ընդունվել են և կա հնարավորություն լայն կոնսեսուսի հասնելու:
«Ասացինք, որ 4+4+4 ձևաչափով աշխատել ենք և կա իսկապես հնարավորություն՝ ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կբավարարի բոլոր կողմերին: Այս հարցում Եվրոպայի Խորհրդի առաջակցությունը շատ կարևոր է»,-նկատեց կոալիցիոն կառավարության մաս կազմած կուսակցության ներկայացուցիչը:
Լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվում, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են` նախագծի շուրջ կոնսեսուսի լայն հնարավորություն այն դեպքում, երբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ասում է, որ չկա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ 4+4+4 ձևաչափի շրջանակներում նախապատրաստվում է հայտարարություն, որի բովանդակությանը ծանոթ լինելով է ինքը ասում, թե կա լայն կոնսենսուսի հնարավորություն:
«Հիմա այդ հայտարարությունը, որը կարձանագրի այդ կոնսեսուսը, եթե չեն ընդունի, թող հասարակությունը որոշի: Ըստ էության, բոլոր այն 5 պահանջները, որ ներկայացնում էին, բավարարված են և թող զուր տեղը այլ հարցեր չփնտրեն: Հիմա բանակցությունների մեջ են, կավարտվի, կհրապարակվի, մենք պնդելու ենք, որ հրապարակվի»,-հայտարարեց Ռուստամյանը:
Այն ձևով, ինչպես հայտարարության տեքստում արձանագրումները կային, պատգամավորն ասաց, որ համարում է իրական այլընտրանք է բոլոր խնդիրների հետ կապված, որ մինչ այժմ բարձրացվում էր քաղհասարակության հինգ պահանջի հետ կապված:
Ըստ դաշնակցականի, այս հարցում ԵԽԽՎ-ն էլ պետք է քաջալերի:
«ԵԽԽՎ-ն պետք է տեսի` ինչն են մերժում, նման ճանապարհ անցել ենք և տեսել ենք, պետք է հասկանալ` եթե կոնսեսուսը ձախողվեց, ապա ում մեղքով»,-նկատեց պատգամավորը:
ԵԽԽՎ համազեկուցողներից հետ հանդիպումից հետո լրագրողները փորձեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից մեկնաբանություններ ստանալ, պարզել` արդյոք կա՞ նման հայտարարության նախագիծ, պատգամավորը հրաժարվեց մանչամասնել և ընդամենը ասաց.
«Ես կարող եմ միայն ուրախությունս հայտնել, որ կոալիցիայի մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են կոնսենսուսի մասին: Ես լսել եմ, որ Արմեն Ռուստամյանն ինչ-որ բան է ասել, բայց մինչև իր հետ անձամբ չճշտեմ` ինչ է ասել, որևէ մեկնաբանություն չեմ կարող անել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին