ԱԱՀ-ը կոչ է անում Կոնգրեսին 15 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ սիրիացի փախստականների համար
Ամերիկայի հայկական համագումարը վերստին կոչ է անում 15 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին՝ Սիրիայից այնտեղ վերաբնակվող փախստականների համար,- հայտնում են համագումարի մամուլի ծառայությունից:
«Քանի որ հումանիտար ճգնաժամը Սիրիայում շարունակվում է, պետք է մեր ջանքերը կրկնապատկենք` ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթն էլ ասել է. «Մինչ Թուրքիայի սահմանի երկայնքով պայմանները վատթարանում են, Հայաստանը շարունակում է հավատարմորեն ընդունել սիրիացի փախստականներին, այսօրվա դրությամբ՝ ավելի քան 20 000 հոգու: Որպես ընդունող երկիր, Հայաստանը բացարձակապես օրինակելի է եղել ընդունած սիրիահայ փախստականների և տեղաբնակների թվերի հարաբերակցության առումով»:
Համագումարը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը քննարկել առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին՝ փախստականների օժանդակության նպատակով: Համագումարը շարունակում է խրախուսել ամերիկահայերին կապվել Կոնգրեսի հետ և խնդրել աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ ուղղված Սիրիայից փախչող փախստականների համար անվտանգ և կայուն միջավայր տրամադրմանը: