Դավիթ Բաբայան. Հույս ունենք, որ մասնագետները այդ նյութը կուղարկեն իրենց պետություններ փորձաքննության իրականացման համար
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆորային արկ է կիրառել, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը համարում է հերթական սև փիար ակցիան հայկական պետությունների դեմ:
Panorama.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակը նշեց, որ ադրբեջանական կողմը նման քայլն օգտագործում է մի շարք հանգամանքներից ելնելով:
«Առաջինը, որպեսզի միջազգային հանրության մեջ սենսացիոն տրամադրություններ ստեղծի՝ քողարկելու մի շարք փաստեր, օրինակ այն, որ Ադրբեջանն է միշտ օգտագործել թունավոր նյութեր Հայաստանի ու Արցախի բնակչության դեմ, ինչպես նաև միջազգային հանրությունից քողարկի իր զինված ուժերում մի շարք ահաբեկչական խմբավորումների՝ այդ թվում «Գորշ գայլեր»-ի, «Իսլամական պետության» բազմաթիվ վարձկանների առկայությունը»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախը որևէ անգամ քիմիական նյութեր կամ զենքեր չեն օգտագործել ոչ թշնամու բանակի, ոչ էլ առավել ևս խաղաղ բնակչության դեմ: Նա միջազգային հանրությանը հիշեցնում է ոչ հեռավոր 1990-ականները:
«1990-ին ադրբեջանական կողմը կրեոլին կոչվող քիմիական նյութով թունավորել էր Ստեփանակերտի ջրատարներից մեկը: Նույնիսկ BBC-ն դեպքին անդրադարձավ: Մայրաքաղաքի բնակչությունը չէր կարողանում ջուր խմել: Բոլոր ընտանի կենդանիները հաշված ժամերի ընթացքում սատկեցին»,-ասաց Բաբայանը:
Նրա խոսքով, նույն բանը Ադրբեջանը կատարեց երկու տարի անց՝ թունավորելով Ասկերանի, Շուշիի ու այլ բնակավայրերի ջրային պաշարները:
«Նրանք հիմա հայտարարում են, իբր Հայաստանն իրականացնում է ռադիոակտիվ թափոնների թաղում Քարվաճառի շրջանում: Իհարկե, դա սուտ է, քանի որ կա միջազգային պայմանագիր, ըստ որի Մեծամորի ատոմակայանի թափոնները տեղափոխվում են Ռուսաստան: Նրանց այդ հայտարարություններն ինքնանպատակ չեն: Եթե վաղը կարողանան հանկարծ վերահսկողություն ստանալ այդ տարածքների վրա, կթունավորեն Սևանը, քանի որ Քարվաճառից սկիզբ առնող Արփա ու Որոտան գետերը սնում են Սևանը, ինչպես նաև դեպի Ղարաբաղ գնացող ջրային պաշարների մեծ մասը»,-ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Բաբայանը հիշեցրեց, որ 2005 թվականին Ադրբեջանի ԳԱԱ ռադիոկատիվ խնդիրների ինստիտուտի տնօրենը բացեիբաց հայտարարել է, որ Ադրբեջանում կան մեծ քանակությամբ բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, որոնց տեղն անգամ պետությունը չգիտի: Նա հայտարարեց, որ այդ նյութերն ահաբեկիչները կարող են օգտագործել կեղտոտ ռումբեր պատրաստելու համար:
«Դա ասել ենք իրենք, ոչ ոք իրենց չի ստիպել նման հայտարարություններ անել: Հիմա այդ պետությունը, որը ահաբեկչական գործողությունների, ջրային պաշարների թունավորման, զինվորների գլխատման, խաղաղ բնակչության խոշտանգման մեծ փորձ ունի, հիմա էլ քիմիական նյութեր է օգտագործում սեփական բնակչության դեմ, որպեսզի դա ցույց տա միջազգային հանրության ներկայացուցիչներին»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Դ. Բաբայանի խոսքով, եթե այդ մարդիկ իսկապես մասնագետներ են, ապա հենց տեղում պետք է փորձանմուշներ վերցնեն և ուղարկեն իրենց պետություններ՝ պարզելու, թե որտեղից է այդ նյութը:
«Իհարկե, այս պարագայում Ադրբեջանն անմիջապես ցույց կտա իր իսկական դեմքը: Մենք հույս ունենք, որ տարբեր պետությունների այն ներկայացուցիչները, ովքեր կգնան ու տեղում կծանոթանան արկին, անպայման այդ նյութերը կուղարկեն իրենց երկրներ փորձաքննության ենթարկելու համար»,-ընդգծեց Արցախի նախագահի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան