Հայաստանի երեք քաղաքներում օդում ծծմբի երկօքսիդը գերազանցում է թույլատրելի նորման
Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցում է թույլատրելի նորման:
Նման եզրակացության եկել են մասնագետները մարտ ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ 16 ստացիոնար դիտակայաններում իրականացված մշտադիտարկման միջոցառումների արդյունքում:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունն առավել մեծ է Ալավերդի քաղաքում: Այն թույլատրելի նորման գերազանցում է 2.6 անգամ: Վանաձորում այդ ցուցանիշը 1.6 անգամ է, Գյումրիում՝ 1.3 անգամ:
Մյուս քաղաքներում օդում ծծմբի երկօքսիդի, ինչպես նաև ազոտի երկօքսիդի պարունակությունը նորմայի սահմաններում է:
ԱՎԾ-ից մանրամասնում են, որ մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 460 փորձանմուշ, պասիվ նմուշառման 210 դիտակետից՝ օդի 1 646 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի համապատասխանաբար 31 462 և 3 788 դիտարկում: