Արցախի ճանաչման օրինագիծը կպահվի ԱԺ մեծ օրակարգում. Արզումանյան
Եթե մեր ընկալման մեջ ապրիլի 2-ին սահմանում տեղի ունեցածը պատերազմ էր, ապա պետք էր հավաքվել Ազգային ժողովում ու միաձայն ճանաչել Արցախի անկախությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Ճանաչել Արցախի անկախությունը, հետո իշխանություններին հնարավորություն տալ շարունակել ռազմական գործողությունները: Եթե դա չարեցինք այդ պահին, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում է ճանաչման գաղափարը», -հավելեց պաշտոնյան:
Նրա խոսքով, Հայաստանը դե-ֆակտո ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և երկրների գրեթե բոլոր ոլորտներում համագործակցություն կա:
Իսկ դե-յուրե Հայաստանը միակողմանի չի ճանաչում Արցախի անկախությունը, որովհետև, ըստ պատգամավորի, մտավախություններ կան, թե դա կխանգարի բանակցային գործընթացին:
«Դե-յուրե ճանաչումը եղել է այն գործիքը, որը մենք պատրաստ ենք օգտագործել ամենաօրհասական պահին: Հիմա երբ դու ամեն տարի հայտարարում ես այդ գործիքի մասին, այն արժեզրկվում է, դառնում է ինքնանպատակ», -հավելեց Արզումանյանը՝ ԱԺ-ում Արցախի ճանաչման մասին օրինագծի՝ առաջիկայում կայանալիք քննարկումը համարելով ուշացած:
Նա հորդորեց խուսափել հետագայում քննարկել Արցախի ճանաչման թեման և, եթե լինի պատերազմական վտանգ, կարելի է առանց ինչ-որ նախաձեռնությունների կազմակերպել քվեարկություն:
«Բոլոր 131 պատգամավորներն էլ, ակնհայտ է, ուզում են ճանաչել Արցախը, կա՞ մեկը, որ չի ուզում», -ասաց պատգամավորը:
ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած Արցախի ճանաչման մասին օրինագիծը, որը կառավարությունը կից ներկայացրած եզրակացությունով ուղարկել էր Ազգային ժողով, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, Արզումանյանի, խոսքով, դրական եզրակացություն կստանա և կմտնի ԱԺ մեծ օրակարգ:
«Բացառում եմ, որ կգտնվի մի պատգամավոր, որը կասի դեմ է, բայց նաև ենթադրում եմ, որ կմտնի ԱԺ մեծ օրակարգ և պահվի մինչև այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտություն կլինի», -հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան