«Հայկի հետ միասին քայլել ենք, մյուս Հայկն էլ խոստացել է, որ ոտքի կկանգնի»
Ապրիլին պատերազմի ընթացքում վիրավորված մի քանի զինծառայողներ տեղափոխվել են վերականգնողական կենտրոն, որտեղ առանձնահատուկ հաջողություններ են գրանցվում: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Տղաներից մեկի՝ Հայկի հետ, ով գլխուղեղի ներթափանցող վնասվածք ուներ, միասին քայլել ենք: Մյուս Հայկը ևս խոստացավ, որ կփորձի ոտքի կանգնել: Կուզեի, որ թերահավատություն չլինի հայկական բժշկության նկատմամբ, քանի որ այս պատերազմի ընթացքում նվազագույն սանիտարական կորուստներ ենք ունեցել՝ հաշվի առնելով, որ բժշկական աձնակազմն եղել է տղաների կողքին՝ ամենաբարձր արհեստավարժ գիտելիքներն ու հմտությունները ցուցաբերելով, նաև մարդկային ջերմություն ցուցաբերելով»,- ասաց նախարարը:
Նշենք, որ հայկական «Կարմիր խաչ» առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ:
Արմեն Մուրադյանն անդրադառնալով ծանր վիրավորներին՝ ասաց, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին մեկ զինծառայողի՝ Ռոլանդի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մի զինծառայող էլ՝ Ավետիսը, «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գտնվում:
Արմեն Մուրադյանը կարծում է, որ վիրավոր զինծառայողների մեծամասնությունը կկարողանա շարունակել ծառայությունը:
Հարցին, թե «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ շփման գծում ապրիլյան գործողություններից հետո այրվածքների համար անհրաժեշտ դեղամիջոցներ չեն եղել, արտահերթ կարգով Ռուսաստանից են բերվել, Արմեն Մուրադյանն ասաց, որ առաջին անգամ է լսում, բազմաթիվ շահարկումներ կարող են լինել, ուստի պետք է զերծ մնալ այդ շահարկումներից:
«Այն դեղերը, որոնք անհրաժեշտ են, այս պահին՝ կան: Զինծառայողներն այս պահին ստանում են ամենաբարձր կարգի բուժօգնությունը: Սա կարող եմ համոզված ասել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Այրվածքաբանության կենտրոնում այսօր երկու ծանր հիվանդ է բուժում ստանում, որոնց մոտ դրական տեղաշարժ կա:
«Կարծում եմ՝ առողջապական համակարգն այս ընթացքում կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները և նվազագույնի հասնցել սանիտարական կորուստները»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին
- Վիրավորված զինծառայողներից մեկն այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում