Շատ էլ ճիշտ է արել Հայաստանի մասնակիցը, որ ծածանել է Արցախի դրոշը. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի մասնակցի քայլը, ով մրցույթի ժամանակ Արցախի դրոշն է բարձրացրել, նա նախ նշեց, թե «Եվրատեսիլի գործով Աշոտյանն է, ինքը ժյուրի է եղել», իսկ հետո ավելացրեց, թե շատ էլ ճիշտ է արել Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը, որ ծածանել է Արցախի դրոշը:
«Մեր մասնակցի իրավունքն է Արցախի դրոշը բարձրացնելը: Մենք պետք է բոլորս նրան քաջալերենք, մեր մասնակցի իրավունքն է ում դրոշը և ինչպես ծածանել: Երեկ Արցախի դրոշն է ծածանել, կարող է վաղն էլ Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրոշը ծածանի կամ Արևմտյան Հայաստանի»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: