Մշտադիտարկումը հնարավորություն կտա մատնանշելու զինադադարը խախտող կողմին. Լ. Տեր-Պետրոսյան
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, վերջինիս նախաձեռնությամբ։ ՀԱԿ մամուլի գրասենյակից հայտնում են, որ ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները և դրանց հետևանքով առաջացած նոր իրավիճակի խնդիրները։
Դեսպան Միլսը մասնավորապես նշել է. «Ինչպես Մինսկի խմբի համանախագահներն են նշում, Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կլինի միայն բանակցությունների միջոցով: Համանախագահող երկրներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական երկխոսություն ձևավորելու շուրջ: Համանախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, տարածաշրջանի խաղաղության, կայունության ու հետագա բարօրության ապահովման համար բոլոր կողմերը պետք է հանդես բերեն քաղաքական կամք՝ ընդունելու այնպիսի որոշումներ, որոնք կձևավորեն վստահության միջավայր, որը թույլ կտա առաջ շարժվել բանակցային կարգավորման հարցում: Նման որոշումների ընդունումը հեշտ չէ, սակայն հուսադրող է, որ հայաստանյան ղեկավարությունը բանակցային կարգավորման հանձնառություն է հանդես բերել և հուսով ենք, որ կշարունակի հետամուտ լինել դրան»։
Համաձայնելով դեսպան Միլսի կարծիքին, Լևոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, ընդգծել է բանակցային գործընթացի վերսկսմանը զուգահեռ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մշտադիտարկման (մոնիտորինգի) մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, դա բացատրելով այն հանգամանքով, որ զինադադարի շարունակաբար կրկնվող նախորդ խախտումների գնահատման հարցում միջազգային հանրության դրսևորած պարիտետային մոտեցումը ոչ միայն չի նպաստել նոր խախտումների բացառմանը, այլև կողմնակիորեն քաջալերել է Ադրբեջանին՝ սանձազերծելու երկուստեք հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ապրիլյան լայնամասշտաբ սադրանքը։ Մշտադիտարկման ռեժիմի կիրառումը հնարավորություն կտա զինադադարի խախտման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մատնանշելու խախտող կողմի հասցեատիրոջը, ինչը կարող է զսպող դեր խաղալ շփման գծում անդորրություն պահպանելու և բանակցային գործընթացի շուրջ բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան