Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին
Առողջապահության նախարարությունում երեկ մինչև ուշ գիշեր, «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողների հետ քննարկել են նրանց բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ասաց, որ վերջին օրերին գրեթե ամեն օր զինծառայողների ծնողների հետ հանդիպում է ունենում, երեկ մինչև ուշ գիշեր Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, արդյոք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները:
«Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և ծնողներից, և հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել: Իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները պնդում են, այնուամենայնիվ հասկանալով, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա, և կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում անհնարին է բուժման այս կամ այն տեխնոլոգիան կամ մասնագետի առկայությունը, ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել: Եվ մեր աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, լոգիստիկ մեթոդաբանությունն ամբողջությամբ վերցնել մեզ վրա: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առջև և այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ՝ հաշվի առնելով, որ զինվորների տեղափոխությունը կապված է ծախսերի հետ:
Այդուհանդերձ, այսօր խնդիրը հետևյալն է ՝ արդյոք զինվորներին կարող են արտերկիր տեղափոխել: Արմեն Մուրադյանի խոսքերով՝ երկու վիրավորները թթվածնից կախվածություն ունեն, Արմանի ջերմությունը երեկ եղել է 38 աստիճան, պառկելախոց ունի, Ռուբենն էլ «սպինալ շոկի» փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին:
«Ամեն դեպքում, ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և մենք այդ ընթացքում տղաների կողքին են լինելու»,- ասաց նախարարը:
Արմեն Մուրադյանի խոսքերով՝ զինվորների ծնողները ցանկանում են տղաներին տեղափոխել Համբուրգի կլինիկա, երեկ ծնողների ներկայությամբ անձամբ խոսել է իրենց իսկ ընտրած բժիշկի հետ:
Հարցին, թե հաշվի առնելով զինվորների առողջական վիճակը՝ տեղափոխության ժամանակ լուրջ խնդիրների առաջ չեն կանգնի, Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր այդ ռիսկերը մանրակրկիտ, շատ մեղմ, բայց սթափ ներկայացվել է ծնողներին:
«Մենք չենք կարող ուղղակի ասել՝ եթե ուզում եք, ապա տեղափոխեք: Մանրակրկիտ ներկայացվել է տեղափոխման հետ կապված ինչպիսի վտանգներ կան՝ անգամ սենյակից սենյակ տեղափոխման ժամանակ: Եթե պետք է ինքնաթիռով տեղափոխեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր քայլը պետք է նախապատրաստվի:
Մասնավորապես, տրանզիտ օդանավակայանում պետք է լինեն համապատասխան ծառայությունները: Նաև առաջակություն ենք արել, որ այն բժիշկը, որը ստանձնել է այդ պատասխանատվությունը և պատրաստ է ընդունելու զինծառայողին, ապա նրան հրավիրենք Հայաստան, այլ ոչ թե պատգարակով մեր երեխային տանենք այնտեղ: Այստեղ կարող ենք իր կարծիքը լսել, քննարկել մեր մասնագետների հետ»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Նա ասաց նաև, որ ծնողները կշարունակեն բանակցությունները արտերկրի կլինիկաների հետ և իրենք պարտավորվել են ամեն հարցում աջակցել նրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան