Հայաստանը պետք է պատրաստ լինի միշտ նոր արկածախնդրության. Շավարշ Քոչարյան
Թեև Ադրբեջանի բլից-կրիգը չհաջողվեց, նրա դիրքորոշման մեջ դեռևս փոփոխություն չկա: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս պարագայում մենք հստակ փոփոխություն չենք տեսնում իր ուժային քաղաքականության հարցում: Այսօր զինադադարի պայմանագրի 22-ամյակն է, որը գործում է հենց 1994 թվականի մայիսի 12-ից: Առ այսօր Ադրբեջանն ակնհայտորեն օգտագործել է ամբողջ բանակցային գործընթացը, որպես քող՝ այդ ընթացքում իր ապատեղեկատվությունը տարածելու, իր քարոզչությունն առաջ քաշելու, սպառազինվելու և ուժային լուծման նախապատրաստվելու համար, ինչն ապացուցեցին ապրիլյան դեպքերը»,-նշեց Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով, մենք պետք է առաջինը՝ պատրաստ լինենք միշտ նոր արկածախնդրության, երկրորդը՝ այն, ինչ այսօր կոչվում է բանակցություններ, որոնք ըստ էության չկան, առաջնային շեշտադրումը պետք է դրվի հենց այդ ռեժիմի ամրապնդման վրա:
Մեղադրանքներին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը դուրս է թողել բանակցային գործընթացից, Շավարշ Քոչարյանն ասաց, թե այդ հարցին հազար անգամ պատասխանել են:
«Հիմնական պատճառն Ադրբեջանն է, որը չի ցանկանում, որ Արցախը բանակցային կողմ լինի: Դա ակնհայտ է: Ավելին ասեմ, միակ շոշափելի արդյունքը, որ մենք տեսել ենք այս ամբողջ ընթացքում, դա հենց 1994 թվականի զինադադարն է, բայց դա էլ խախտվեց: Սակայն այդքան տարի, լավ թե վատ, գործել է՝ շնորհիվ ինչի՞, որ Բաքուն ուղղակի բանակցել է Ղարաբաղի հետ: Եւ քանի Բաքուն ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա, դա նշանակում է, որ չի ցանկանում որևէ առաջընթաց բանակցային գործընթացում: Սրանք իրապես շաղկապված հարցեր են: Այն պահից, երբ Բաքուն իր համառությամբ չշարունակի խոչընդոտել ԼՂՀ լիիրավ մասնակցությանը բանակցային գործընթացին, դա կլինի ազդանշան, որ ցանկանում է առաջ շարժվել»,-ասաց Շավարշ Քոչարյանը: