Շվեդիայում ՀՀ դեսպան. «Ես իսկապես հիասթափված եմ»
Շվեդական «Աֆտոնբլադետ» օրաթերթը, անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին հայ մասնակից Իվետ Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշի ցուցադրմանը, նաև հարցազրույց է տպագրել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ։
«Եվրատեսիլ» երգի մրցույթում դրոշի ծածանումը ստացավ քաղաքական բարձր հնչեղություն։ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է Եվրոպական հեռարձակողների միության որոշումը՝ Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ:
Չորեքշաբթի առավոտյան՝ Եվրատեսիլ երգի մրցույթի ընթացքում, «Եվրոպական հեռարձակողների միություն»-ը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին պատժելու վերաբերյալ, քանի որ նա կանաչ սենյակում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ժամանակ ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը:
Ըստ շվեդական թերթի, այս հայտարարությունը կատարվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեվը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության միջոցով դրոշի ծածանման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ «Հայաստանի սադրանքն անընդունելի է»։
Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը քննադատում է «Եվրոպական հեռարձակողների միության» որոշումը.
«Ես իսկապես հիասթափված եմ։ Միջադեպն անհարկի ուռճացվել է։ Ունկնդրելով Իվետա Մուկուչյանի մամուլի ասուլիսը, պարզ է դառնում, որ նա ցույց է տվել դրոշը մարդասիրական մտահոգություններից ելնելով:
Դեսպանը պնդում է, որ միջադեպը իրականում քաղաքականացվել է միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական հեռուստաընկերություն գլխավոր տնօրենի տեղակալ Շեյգ Մամմադովը նույն մամուլի ասուլիսում հանդես է եկել անհավասարակշիռ և բորբոքված քաղաքական ելույթով:
Թերթի հարցին, արդյոք, հատկապես ապրիլյան հակամարտությունից հետո այս պահին ավելի զգայուն չէր դրոշը ցույց տալը, դեսպանը հակադարձել է.
«Ընդհակառակը, հակամարտության սրացումը էլ ավելի հրատապ է դարձնում մարդասիրական խնդիրների բարձրացումը։ Այս խնդիրը պետք է հաշվի առնել»։
Դեսպանը կարծում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տեղի է տվել Ադրբեջանի ԱԳՆ ճնշմանը, ինչը մերժել է Եվրատեսիլի միջոցառման կազմակերպիչ Սիետսե Բաքերը: Նա ընդգծել է, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը կայացվել է ժողովրդավարական ոգով:
«Ամենայն հարգանքով դեսպանի անձի հանդեպ, ես համաձայն չեմ նրա հետ և հուսով եմ, որ նա ընդունում է մեր տարակարծությունը, ասել է նա, ավելացնելով ԵՀՄ պաշտոնական հայտարարության մասը, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ամսվա ընթացքում լարվածության աճի պայմաններում դրոշը չափազանց զգացմունքային խորհրդանիշ է այդ տարածաշրջանում մեծ էմոցիաներ առաջացնելու համար»,-ասել է նա:
Հինգշաբթի Եվրոպական հեռարձակողների միությունը կուսումնասիրի ադրբեջանական հեռուստատեսության ներկայացուցչի բորբոքված ելույթը։
«Սակայն մեծ տարբերություն կա այն բանի մեջ, որ ինչ-որ մեկը ասում է ուղիղ եթերով, ինչը ղեկավարվում է խիստ և հստակ կանոններով և այն ամենի մեջ, ինչ պատահեց մամուլի ասուլիսի ժամանակ և դրանից հետո»,- ասել է Սիետսե Բաքերը:
Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց էր տվել շվեդական ազգային TT գործակալությանը, որը տպագրել են բազմաթիվ լրատվամիջոցներ։
Հարցազրույցում դեսպանը կրկին շեշտում է իրադարձությունների արհեստական ուռճացվածությունը. «Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ կցանկանան կատարվածում քաղաքական ուղերձ տեսնել, բայց երգչուհին փորձել է իր ձայնը բարձրացնել հանուն մարդկանց իրավունքների։ Վերջին ամսվա ընթացքում հակամարտությունը խլել է մեծ թվով մարդկանց կյանքը, որոնցից շատերը շատ երիտասարդ էին: Երգչուհին փորձել է ցույց տալ, որ խաղաղություն հաստատելու կարիք կա»:
Դեսպանի կարծիքով, դրոշների խնդրի արծարծմանը նպաստել է նաև Եվրոպական հեռարձակողների միության ոչ-հստակ կանոնները, երբ սահմանվել է չթույլատրվող դրոշների ցանկ, ապա այն չեղյալ է հայտարարվել, ի վերջո ընդունվել են շատ անհասկանալի կանոններ։
Դեսպանը կարևորում է նաև ստեղծագործական ազատության խնդիրը, ՝ հավելելով, որ նույն շոուի շրջանակներում որոշ ելույթներ, ինչպիսին օրինակ փախստականների շարունակվող ճգնաժամին նվիրված համարն էր, նույնպես քաղաքական բնույթ ուներ։ Դեսպանը կրկին կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սադրիչ ելույթին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Օմբուդսմենը նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին
- Իվետա Մուկուչյան. Թիկունքս ամուր է ձեզնով
- Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին նախազգուշացրել է
- Հայաստանի պատվիրակին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. Տիգրան Մկրտչյան
- Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է