Արցախի Օմբուդսմենը նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներին՝ կապված ԼՂՀ դրոշի արգելքի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմից:
Նամակում Մելիքյանը նախ ներկայացել է, հետո տեղեկացրել, որ ինքը հպարտ է, որ պաշտպանում է ԼՂՀ շուրջ 150.000 բնակիչների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների ու տարեցների իրավունքներն ու ազատությունները:
Նա Արցախի ժողովրդի անունից վճռական անհամաձայնություն է հայտնել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից 2016 թվականի մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության հետ, որում Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես ներկայացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ:
Այնուհետև Պաշտպանը հիշեցրել է, որ ԼՂՀ ժողովուրդը 1991 թվականին կյանքի է կոչել ինքնորոշման իր հիմնարար ու անքակտելի իրավունքը՝ հայտարարելով Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունից իր անկախության մասին, ինչն ամբողջովին իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
«Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձեր կողմից արված արտահայտությունները ոչճշգրիտ են ու նաև վիրավորական», -«Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին ուղղված նամակում ասել է Մելիքյանը:
Նա եվրոպացիների ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-5 ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրադարձությունների և, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի գործած բոլոր խախտումների ու գազանությունների վրա:
Նաև հիշեցնում է, որ «Իսլամական պետության» ոճով գլխատման, տարեցների խոշտանգումների, դպրոցների ու բնակատեղիների ինտենսիվ հրետակոծությունների այդ փաստերը Եվրոպայում (նկատի է առնվում նրա մաս կազմող ԼՂՀ-ում) տեղի են ունեցել ընդամենը 40 օր առաջ, և որ Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք, եթե ԼՂՀ ժողովուրդը չենթարկվի Ադրբեջանական Հանրապետության օրենքին, որը վարում է հայատյացության պետական քաղաքականություն:
Նամակում կոչ է արվում հիշել Եվրոպայի հիմնարար արժեքների մասին, որոնք առկա են Ջոն Լոկի, Վոլտերի, Կանտի ուսմունքներում և ոչ թե սիրել Հիտլերին ու Մուսոլինիին: Վերջում կոչ է արվում մնալ երաժշտական մրցույթի ձևաչափի շրջանակներում և դուրս չգալ միջազգային քաղաքականության ոլորտ:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին նախազգուշացրել է
- Իվետան Եվրատեսիլի կիսաեզրափակչի պրիմադոննան և թագուհին. Իսպանական ԶԼՄ
- Հայաստանի պատվիրակին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. Տիգրան Մկրտչյան
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է