Նախագահների հանդիպման վերաբերյալ ՀՀ նախագահի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում. Շարմազանով
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն արդեն ծանոթ եք, նրանք ցանկանում են նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում և ինչպես արդեն նշել եմ՝ ՀՀ նախագահի պաշտոնական դիրքորոշումը այդ հանդիպման վերաբերյալ կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, ՀՀԿ խոսնակը նշեց, որ այդ հայտարարությունը համահունչ էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թեզիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Այնտեղ հստակ խոսվում էր վստահության մեխանիզմների ամրապնդման, զինադադարի պահպանման անխուսափելիության մասին: Այսինքն, այն մեսիջները, որոնք տվել է հանրապետության նախագահը, այն երեք առաջարկները, որոնց մասին խոսել է հանրապետության առաջնորդը ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, հիմնականում տեղ են գտել համանախագահների հայտարարության մեջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ եղել են մի շարք քաղաքական գործիչներ, որոնք իրենց համարում են լուրջ գործիչներ, փորձագետներ արտաքին քաղաքականության մեջ և նշում էին, թե նախագահ Սարգսյանի առաջարկությունները կամ գնահատականները կարող են հանգեցնել համանախագահների և հայկական կողմերի կարծիքի տարանջատման:
«Սակայն մենք տեսանք, որ դա այդպես չէ, նրանց կանխատեսումները չիրականացան և նախագահի գնահատականների կոշտացումը հանգեցրեց ոչ միայն տարաձայնությունների, այլ առհասարակ իրական գնահատականների հնչեցումը հանգեցրեց նրան, որ այսօր համանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ զետեղված են մտքեր, որոնց մասին խոսել է հանրապետության ղեկավարը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահները խոսում են Հայաստանի նախագահի բառապաշարով. Շարմազանով
- Ժամանակն է, որ նախագահները հանդիպեն. ՄԽ համանախագահների հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան