Նախարար. Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է
Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է: Դա գրանցել են նաև միջազգային կառույցները: Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով ապրիլի վերջին «Սլավմեդ» ԲԿ-ում 37-ամյա ծննդկան Ն. Մուսայելյանի մահվան դեպքին:
Նախարարն ասաց, որ մայրական մահացության ցուցանիշի նվազումը ոլորտի պատասխանատուներին որևէ կերպ չի հանգստացնում:
«Մենք ամենօրյա հսկողություն ենք իրականացնում կրիտիկական բոլոր դեպքերի հետ կապված: Ի՞նչ նկատի ունեմ կրիտիկական ասելով, եթե ծննդաբերությունը չի ավարտվել մահով, դա չի նշանակում, որ մենք չպետք է խոր ուսումնասիրություն իրականացնենք»,-ասաց նախարարը:
Մուրադյանը նկատեց, որ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ուսումնասիրության իրականացումը մայրական մահացության ցուցանիշի կրճատման լավագույն մեթոդներից մեկն է, որը խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Այս գործիքը աշխատեց Հայաստանում: Յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրության համար մենք՝ ինքներս ստեղծում ենք հանձնաժողով: Եթե քրեական գործ է հարուցվում, ապա բոլոր նյութերը տրամադրում ենք իրավապահ մարմիններին»,-ասաց կառավարության ներկայացուցիչը:
Ա. Մուրադյանը մանրամասնեց, որ «Սլավմեդ»-ում գրանցված մահվան գործը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում:
«Մեր մասնագետները, ինչպես խոստացել էինք, շատ արհեստավարժ են, շատ հետևողական և ամենակարևորը՝ անաչառ: Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք փոքր երկրում և բոլորը իրար ճանաչում են, արհեստավարժության սկզբունքները պետք է դնել ավելի բարձր»,-ասաց նա:
Նախարարը հիշեցրեց, որ մայրական մահացության ցուցանիշը, առհասարակ, բնութագրում է յուրաքանչյուր երկրի, հասարակության զարգացման աստիճանը: Հայաստանում այդ ցուցանիշը վերջին տարիներին սկսել է նվազել:
Հարակից հրապարակումներ`
- Բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Եզրակացությունից հետո հնարավոր կլինի հստակեցնել ծննդկանի մահվան պատճառը. ԱՆ
- «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել. «Իրավունք»
- Նկատելի նվազել են մինչև 5 տարեկան երեխաների և մայրական մահացության ցուցանիշները. Մուրադյան
- Քննարկվում է մայրական մահացությունների դեպքերի վերաբերյալ աուդիտի ներդրման հարցը
- Վերջին տարիներին մայրական մահացության ինդեքսը տատանվում է 15-20-ի միջակայքում. նախարար