Երբ փորձում ենք օրենքը պահել, շատ ու շատ սիրված մարդիկ նեղանում են. Վաչե Հովեյան
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ը 2017-ին նախաձեռնելու է հայ-բելգիական միջազգային փառատոն, ընդգրկվելու են նաև ռուս մենակատարներ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանը:
Նա նշեց, որ ծրագրում են հրավիրել հայտնի մեներգիչների, ռուսաստանցի ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին: Վ.Հովեյանի խոսքով, նաև «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի կոլեկտիվները՝ Երևանի պետական կամերային երգչախումբ, «Տաղարան» հնագույն երաժշտության նվագախումբ, Հայաստանի պետական կամերային երգչախումբ, Երևանի պետական կամերային երգչախումբ, «Հովեր» կամերային երգչախումբ, պետք է ակտիվ մասնակցություն ունենան մարզային ծրագրերին:
«Մենք պետությունից ֆինանսավորվող կենտրոն ենք: Երբեմն այդ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս իրականացնել լայնածավալ միջոցառումներ»,- ընդգծեց Վ.Հովեյանը:
Նա հույս ունի, որ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ը տարածաշրջանում կդառնա եզակի միավոր, կներկայացնի ժամանակակից, դասական, արևմտաեվրոպական կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններն ըստ արժանվույն:
Խոսելով այն մասին, որ Կամերային երաժշտության տանը կազմակերպվող համերգների ժամանակ համերգի մեկնարկից հետո դռները փակվում են, ինչը շատերի մոտ դժգոհություն էր առաջացրել, Վ.Հովեյանն ասաց. ««Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ն ունի նոր կանոնադրություն, որի համաձայն մենք համերգը սկսվելուց հետո դռները փակում ենք, ովքեր ուշանում են, պետք է սպասեն մինչև ընդմիջում, եթե, իհարկե, լինում է ընդմիջում, հակառակ դեպքում դահլիճ չեն կարող մտնել: Մեր դահլիճը չունի նախասրահ, դռնից հենց ներս են մտնում՝ հայտնվում են բեմի առաջ:
Ավստրիայի օպերայի թատրոնի օրինակը բերեմ. Ավստրիայի թագաժառանգին մեկ րոպե ուշանալու պատճառով թույլ չեն տվել մտնել օպերային թատրոն: Եթե համերգի հրավիրատմոս եք ստացել, տոմս եք գնել, հարգեք ինքներդ ձեզ, շենքը, որը մշակութային կոթող է, կոմպոզիտորներին, կատարողներին, այն մարդկանց, ովքեր եկել են ճիշտ ժամանակին:
Դժգոհողներ եղան: Բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ: Ամեն մեկս խոսում ենք, որ մեր երկրում օրենքի պակաս կա, բայց երբ փորձում ենք օրենքը պահել, շատ ու շատ հարգված քաղաքացիներ, սիրված մարդիկ նեղանում են, բողոքում են ինձ համար անհասկանալի պատճառներով»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում