«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու վերջինը
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը եզրափակչում՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու 26 համարի ներքո: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Նախօրեին կայացել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: 18 մասնակցից 10-ը՝ այդ թվում նաև Վրաստանը ներկայացնող ազգությամբ հայ վոկալիստ Նիկա Քոչարով և Young Georgian Lolitaz խումբը (jnews.ge-ի տեղեկացմամբ, խմբի երեք երաժիշտից երկուսը հայազգի են՝ Գիորգի Մարը, Դիմա Հովհաննիսյանը), Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան, ում մայրը, horizonweekly.ca-ի հաղորդմամբ, հայ է, անցել են եզրափակիչ:
Երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ է անցել 20 երկրի ներկայացուցիչ: Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչները, թեև ելույթ են ունեցել նաև կիսաեզրափակիչներում, բայց ինքնաբերաբար հայտնվել են եզրափակիչ փուլում։
Եզրափակչում ելույթ են ունենալու հետևյալ 26 երկրի ներկայացուցիչները՝ հետևյալ հերթականությամբ՝ Բելգիա, Չեխիա, Նիդեռլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան: Մրցույթին մասնակցել է 42 երկրի ներկայացուցիչ:
Իվետա Մուկուչյանը հանդես է գալիս «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ են ունենում նաև բեք-վոկալներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը, Լիլիթ Նավասարդյանը: