ԱՄՀ Հայաստանի գծով տնօրենը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքից
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ հանդիպման ժամանակ:
«Նույնիսկ ոչ բարենպաստ միտումների համատեքստում նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3 տոկոսով»,-ասել է վարչապետը, ավելացնելով, որ գործադիրին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն և բավական ցածր գնաճային միջավայր, ինչը բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռել:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև արտահանման խթանման ուղղությամբ:
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը և նշել, որ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով:
Մեննո Սնելը ևս բարձր է գնահատել ԱՄՀ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը: ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքից և կարևորել կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումն ու Հարկային նոր օրենսգրքի ընդունումը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք:
Ըստ աղբյուրի, Մեննո Սնելն արդյունավետ է գնահատել նաև Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը: