Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի հետ առնչվող քրգործի մասին
Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի շրջանակներում նախաքննություն է ընթանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ընդամենը օրեր առաջ է գործն ուղարկվել համապատասխան մարմիններին: Այս պահին ընթանում է նախաքննություն, հետևաբար զուտ իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ մեղմ ասած քիչ ժամանակ է անցել», -փոխանցեց նա
Նախարարի խոսքով, քննության արդյունքներով կորոշվեն՝ մամուլում հայտնված տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ:
«Խնդիրը այն է, որ համապատասխան հանգամանքների, երևույթների մասին բարձրաձայնվեց, մամուլում գրվեց, ինչը նշանակում է, որ կան համապատասխան առիթներ սկսելու որոշակի քննություն, ինչը ցույց կտա՝ օրինական է եղե՞լ, թե՞ ոչ, ձեռքբերո՞ւմն է օրինական եղել, թե՞ ոչ կամ պահելը, դրա հետագա ընթացքը և այլն: Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանը իրավապահ մարմինները կտան», -հավելեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել` ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:
Այս հոդվածով որպես պատիժ սահմանվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորի գործով ՊԵԿ-ը ստուգումներ կսկսի, երբ իրավական հիմքեր ունենա. Վախթանգ Միրումյան
- Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել