Մենք չունենք պարզ վերարտադրություն. Գայանե Ավագյան
Այսօր Հայաստանում պտղաբերության գործակիցը 1,7 է, այսինքն՝ մի կնոջը վերարտադրողական տարիքում բաժին է ընկնում 1,7 երեխա: Մենք չունենք պարզ վերարտադրություն, որը պահանջում է 2-2,1-ից ավելի գործակցի առկայություն,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Եթե ուզում ենք ունենալ հզոր, անվտանգ պետություն, պետք է ընտանիքում ունենանք գոնե 2-ից ավելի երեխա»,- ընդգծեց նա:
Գ.Ավագյանի խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերության, նաև ՀՀ առողջապահության նախարարության կարգախոսն է՝ ունենալ ցանկալի թվով երեխաներ ընտանիքի համար ցանկալի ժամանակահատվածում:
«Ամեն մի հղիություն տվյալ ընտանիքում պետք է լինի ցանկալի, որպեսզի կինը չգնա հղիության ընդհատման: Սա շատ կարևոր հարց է, պետք է բոլորս մտածենք սրա մասին»,- ասաց նա:
Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը նշեց, որ Հայաստանում տղաների արտագաղթը փոխում է դեմոգրաֆիկ բալանսը. «Դեռևս Հայաստանում, բարեբախտաբար, վերարտադրողական տարիքում տղա-աղջիկ փոխհարաբերությունը պահպանված է, սակայն չպետք է մոռանալ, որ մենք ունենք պտղի սեռով պայմանավորված աբորտներ, երբ աղջկան հեռացնում են միայն այն պատճառով, որ ինքն աղջիկ է: Խախտվել է հավասարակշռությունը, 100 աղջկա դիմաց 105-106 տղայի փոխարեն ունենք 112-113 տղա»:
Ըստ նրա, Հայաստանում աբորտները նվազել են, 2000 թվականի համեմատությամբ 3 անգամ կրճատվել են մեկ կնոջը բաժին ընկնող աբորտները: Սակայն, Գ.Ավագյանի խոսքով, ավելացել են այն ընտանիքները, ովքեր ուզում են երեխաներ ունենալ, բայց կինն ինչ-ինչ պատճառներով վիժում է, կամ ունեն անպտղություն:
«Անպտղության 14 տոկոսը փոքր թիվ չէ, ամեն 7-րդ զույգին է դա վերաբերում: Այստեղ պետությունը որոշակի դերակատարություն է ստանձնել: 2015-ին կառավարությունը երկու որոշում է ընդունել: Մեկի համաձայն, սոցիալական անապատով ընտանիքներին անպտղության պարագայում տրամադրվում է հետազոտման, բուժման հնարավորություն, երկրորդ որոշմամբ՝ սահմանամերձ գյուղական համայնքների կանանց հնարավորություն է տրվել օգտվել գիտության վերջին նվաճումներից՝ փորձանոթային բեղմավորումից: Այսօր մենք 35 կնոջ ապահովել ենք այս ծրագրով: Հույս ունեն, որ ծրագրի շրջանակում գոնե 20 երեխա կծնվի»,- մանրամասնեց Գ.Ավագյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան