Չպետք է խուսափել երեխաների պատվաստումներից. Գայանե Ավագյան
«Եթե ուզում եք ունենալ առողջ ընտանիք, պետք է ընտանիքի տարբեր տարիքային խմբերի անդամների առողջության ապահովման հետ կապված առողջապահական ծրագրերի իրականացմանը դառնաք ակտիվ մասնակից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նա ընդգծեց, որ գոնե տարին մեկ անգամ պետք է դիմել բժշկի, հետազոտվել, ժամանակին հայտնաբերել շեղումներն ու կանխարգելել, քանի որ պարզ ճշմարտություն կա՝ շատ ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը:
Գ.Ավագյանի խոսքով, բացի բժշկական հետազոտություններից, շատ կարևոր է առողջ ապրելակերպը, որը կրկին կախված է մարդուց, անհատից, պետք է ձերբազատվել վտանգավոր սովորություններից՝ ծխել, ալկոհոլի չարաշահում, նստակյաց կյանք, ունենալ անվտանգ, պատասխանատու սեռական վարքագիծ, կարևոր է ճիշտ սննդի ընտրությունը:
«Հետևելով այս ամենին՝ կպահպանեն և իրենց, և իրենց ընտանիք առողջությունը»,- ընդգծեց նա:
Գ. Ավագյանը խորհուրդ տվեց երիտասարդներին մինչև սերունդ արարումն անպայման հետազոտվել, որպեսզի խնդիրների առկայություն դեպքում տրվեն լուծումներ, արդյունքում՝ ապահովել առողջ սերունդի արարում: Հղիության ընթացքում, ըստ նրա, նույնպես իրականացվում են մի շարք հետազոտություններ՝ և մոր, և պտուղի հետ կապված, կրկին շեղումները ժամանակին հայտնաբերելու, վերացնելու նպատակով:
«Ծնվելուց անմիջապես հետո երեխաները ենթարկվում են մի շարք հետազոտությունների: Մենք կարողանում ենք գնահատել երեխայի վիճակը, խնդիրների դեպքում տալիս լուծում»,- ասաց ԱՆ մասնագետը:
Գ.Ավագյանը նաև ընդգծեց, որ չպետք է խուսափել երեխաների պատվաստումներից. «Կարևոր են պատվաստումները, որոնք թույլ են տալիս կանխարգելել կառավարելի մանկական ինֆեկցիաները: Մենք կարողացել ենք մանկական մահացության ցուցանիշն իջեցնել»: