Կոռուպցիայի դեմ պայքարը ամենևին չի շաղկապվում ԵՄ տված փողերի հետ. Դավիթ Հարությունյան
«Որևէ մեկը կոռուպցիայի դեմ պայքարի համար պարոն Սվիտալսկուց փող չի ակնկալում», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը:
Հիշեցնենք՝ այսօր «Կառավարություն -քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում Սվիտալսկին հայտարարել էր. «Ունենք 15 միլիոն եվրո հատկացված գումար Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով տրամադրելու համար: Երբ ասում եմ՝ կա, նկատի ունեմ, որ հատկացված է, բաշխված չէ: Ծախսված չէ, որովհետև մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ: Մեզ պետք են կոնկրետ արդյունքներ և եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի ծախսվի, չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը «ամենևին չի շաղկապվում ԵՄ տված փողերի հետ» և կոռուպցիայի դեմ պայքարը փող չի պահանջում:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է ուղղակի, որոշ դեպքերում միգուցե ծայրահեղ կոշտ որոշումներ, և վարչապետն ասաց, որ ինքն իր համար պատրաստել է որոշակի մոտեցումներ և սպասում է ակտիվ քաղաքացիների, հանրային արձագանքի, որպեսզի փաթեթը ամբողջականացնի և կյանքի կոչի», -հավելեց Հարությունյանը: