Իրանագետ. Քննարկում են 2017թ. Հասան Ռոհանիին փոխարինող թեկնածուի հարցը
«Իրանի փորձագիտական շրջանակներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ 2017թ. Հասան Ռոհանին չպետք է երկրորդ անգամ առաջադրվի, այլ նրա փոխարեն պետք առաջադրվի արտգործնախարար Զարիֆը կամ բարեփոխական գործիչ Արեֆը»:
Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ իրանագետ Արմեն Իսրայելյանն ուշագրավ է համարում, որ այդպիսի առաջարկությամբ է հանդես եկել ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին մոտ կանգնած հայտնի և ազդեցիկ վերլուծաբան Սադեղ Զիբաքալամը:
Ըստ նրա, Ռոհանիին փոխարինող գտնելու հարցի քննարկումը կարող է կապված լինել երկու գործոնի հետ՝ ներքին և արտաքին:
«Ա. Ռոհանիի կառավարությունը միջուկային համաձայնությունից հետո չկարողացավ կարճ ժամկետում տնտեսության զարգացման հարցում բավարարել հասարակության պահանջները:
Բ. Վերջին շրջանում նկատելի է, որ Միացյալ Նահանգներն ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել Իրանի նկատմամբ, քան միջուկային համաձայնության օրերին էր:
Այս առումով Մեջլիսի պատգամավորները Ռոհանիի վրա փորձում են ճնշում գործադրել, որպեսզի վերջինս վերանայի միջուկային համաձայնության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»,-գրել է Ա. Իսրայելյանը: