Այսօրվա կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով. քաղաքապետ
«Այսօրվա կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել, լարվածությունը հիմնականում դիրքային է եղել»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Միշա Գյուրջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին Մարտակերտում հանգիստ է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով:
Մարտակերտի բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար կրակոցները սովորական երևույթ են դարձել: «Արդեն սովորել ենք, էս գիշեր էլ կրակում էին, բայց ես իմ գործն եմ արել, մինչև լուսադեմ 6-ը տան մաքրությամբ էի զբաղված, հիմա էլ հողամասի գործերն եմ անում»,- ասաց մարտակերտցի կինը:
Միշա Գյուրջյանի խոսքերով՝ թեև այս գիշեր ավերածություններ չեն եղել, սակայն ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ է կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ են վնասվել: