Ընտանիքը միակ վայրն է, որտեղ սովորում ենք՝ ինչ է ընտանիքը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ
Ընտանիքը կարևոր է բոլորիս համար, բայց հատկապես և կենսական կարևորություն ունի երեխաների համար: Երեխաների դաստիարակելու լավագույն միջավայրը սիրող և օժանդակող ընտանիքն է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
«Մարդկության պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ կար համոզմունք, հատկապես տոտոլիտար ռեժիմների օրոք, որ հաստատությունը պատշաճ վայրն է երեխաների դաստիարակության համար, սակայն այսօր արդեն գիտենք, որ այդպես չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ 1990-ականներից ի վեր ավելի ու ավելի շատ գիտական ապացույցներով հիմնավորվում է, որ հաստատություններում իրականացվող խնամքը վնասակար հետևանքներ է ունենում երեխաների, հատկապես հետագայում ընտանեկան կապեր ձևավորելու նրանց կարողության, ունակության վրա:
«Ընտանիքը միակ վայրն է, որտեղ սովորում ենք՝ ինչ է ընտանիքը, ինչպես պետք է ձևավորել կայուն ընտանեկան հարաբերություններ: Յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է առնվանզ մեկ հոգատար և սիրող մեծահասակ, ով այդ երեխայի բնորոշ կարիքներին, հուզական վիճակներին կարձագանքի, հաշվի կառնի դրանք և կձևավորի նրա հետ կայուն հարաբերություններ: Սա կոչվում է կապվածություն և առանց կապվածության մենք չենք սովորում սիրել և հոգ տանել այլ մարդկանց և մեզ մասին»,- ասաց Տանյա Ռադոչայը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: