Հայաստանում իրականացվող ծրագիրն օրինակելի է. ՀԲ տնտեսագետ
Համաշխարհային Բանկի կողմից մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում նաև CARMAC ծրագիրը մեծապես նպաստել են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը: Նշել է գյուղնախարար Սերգո Կարապետյանն՝ նախօրեին Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի (CARMAC 2) աշխատանքային խմբի ղեկավար Բեքզոդ Շամսիևի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ:
ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գյուղնախարարը նշել է. «Այժմ մեր նպատակն է հզորացնել մեր արժեշղթաները, որպեսզի արդյունքում ավելանան գյուղատնտեսների եկամուտները»:
Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները` Շամսիևը մատնանշել է ծրագրի հաջող ընթացքի և արդյունավետության մասին, նշելով որ Հայաստանում իրականացվող ծրագիրն օրինակելի է հարևան երկրներում այս փորձը տարածելու համար, միաժամանակ նշելով այն ուղղությունները, որոնք դիտարկվել են որպես առավել առաջնային` գյուղատնտեսության արդյունավետ զարգացման համար: Դրանք են` թարմ մրգի և բանջարեղենի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև գյուղմթերքների արտադրության կլաստերի հիմնումը: