Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի ճակատագիրը կորոշվի մայիսի 16-ին
Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի ճանաչման մասին օրինագիծը մայիսի 16-ին առավոտյան կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Երկուշաբթի կկայանա հանձնաժողովի նիստ, որի օրակարգում այդ հարցն է լինելու: Նիստի համապատասխան եզրակացությունը կուղարկվի ԱԺ», -փոխանցեց Զաքարյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:
Ինչպես գործադիրի նիստում ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Օրինագիծն ունի երկու հոդված՝
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Պատգամավորների հիմնավորմամբ, օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:
«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», -նշված է պատգամավորների հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ճանաչման օրինագիծը կպահվի ԱԺ մեծ օրակարգում. Արզումանյան
- Այն միակ անգամը, որ մենք կքվեարկենք Արցախի ճանաչման համար, դա մեկ անգամ է լինելու. Լևոն Զուրաբյան
- Արցախի ճանաչումը ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել. Նալբանդյան
- Անկախ կառավարության եզրակացությունից՝ Արցախի ճանաչման մասին օրինագիծը կքննարկվի ԱԺ նիստում. Պատգամավոր
- Դավիթ Բաբայան. Արցախի ճանաչման գործընթացին մեկնարկ հաղորդվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան