Աղքատության պատճառով ոչ ոք իրավունք չունի երեխային կտրել ընտանիքից. Գեղանուշ Գյունաշյան
Աղքատության պատճառով երեխային չենք կարող, իրավունք չունենք կտրել ընտանքից, այլ բան է, երբ կա ծանր հաշմանդամություն, մանկալքություն, ծնողազրկություն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:
Ներկայացրված տվյալների համաձայն, Հայաստանի պետական վեց մանկատանն այսօր խնամվում է մոտ 660 երեխա, որից 550-ն ունի ծանր հաշմանդամություն:
«Մանկատներում գտնվող երեխաների 80 տոկոսը հաշմանդամություն ունեն: Սրանք այն երեխաներն են, ովքեր անմիջապես ծնվելուց հետո հայտնվում են մանկատներում»,- նշեց նա:
Գ. Գյունաշյանի խոսքով, իրենց նպատակն է բոլոր մարզերում աստիճաբար ունենալ ընտանիքներին աջակցող ծառայություններ, ովքեր ուժ, ռեսուրս, հնարավորություն կտան ծնողին, ընտանիքին չխուսափել և հաշմանդամություն ունեցող երեխաներին ծնվելուց հետո չհանձնել պետության խնամքին:
Խոսելով խնամատար ընտանիքների մասին, նա ասաց, որ Հայաստանում այդ մշակույթը դեռևս ձևավորված չէ, թեև ինստիտուտը ներդրված է: Ըստ Գ. Գյունաշյանի, պետության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի 25 խնամատար ընտանիք ֆինանսավորվում է 140 հազար դրամի չափով: Նա տեղեկացրեց, որ այս պահին 15 խնամատար ընտանիքում երեխաներ կան, դեռևս 10 տեղ ունեն: Նախքան երեխային խնամատար ընտանիքին հանձնելը, նրա խոսքով, կատարվում է համապատասխան կարիքի գնահատում:
«Այս ուղղությամբ մենք անելիքներ ունենք: Պետք է լինի մասնագիտացված խնամատար ընտանիք, այսինքն ծնողը պատրաստ լինի պահելու որոշակի հաշմանդամություն ունեցող երեխայի: Այդ փորձն այլ երկրներում կա»,- ասաց Գեղանուշ Գյունաշյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների գիշերօթիկ դպրոցներում այսօր կա 3500 երեխա:
«Նրանք ամբողջությամբ կտրված չեն ընտանիքներից, այսինքն՝ այդ երեխաների դեպքում ընտանիք վերադարձի գործընթացը կազմակերպելն ավելի դյուրին է լինելու: Նրանք շաբաթ և կիրակի օրերին ընտանիք են վերադառնում, ամռանը նույնպես ընտանիքում են լինում»,- ասաց Գ. Գյունաշյանը՝ ընդգծելով, որ միայն կրթական, սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով իսկապես այսօր հաստատություններում ապրող երեխաներ կան:
Պատասխանելով դիտարկմանը, թե, իրոք, կան ընտանիքներ, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն, իսկապես չեն կարողանում գտնել աշխատանք, նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետն ասաց. ««Իսկապես չեմ կարող և դրա համար երեխային հանձնում եմ» ձևակերպմանը մենք՝ մասնագետներս, այդքան էլ կողմ չենք: Լինում են դեպքեր, երբ ծնողը չգիտի, որ կարող է դիմել զբաղվածության կենտրոն: Պետք է ուժ գտնի իր մեջ և աշխատանք փնտրի: Շատ դեպքերում ծնողը չունի տարրական կենցաղավարման, ծնողավարման հմտություններ: Դժբախտաբար, վերջին տարիներին ունենք վերարտադրվող աղքատության խնդիր, երբ մարդը հարմարվում է իր վիճակին, չի ուզում քայլ անել և դուրս գալ այդ վիճակից»:
Գ. Գյունաշյանը նաև նշեց, որ հաստատություններում ապրող երեխաների մեծ մասը միայնակ մայրերի երեխաներ են, այսինքն՝ նաև արտագնա աշխատանքն է իր ազդեցությունը թողել: