Պատգամավորի գրասենակը պարզաբանում է ներկայացրել Արսենյանի որդու հետ կատարվածի վերաբերյալ
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այդ մասին տեղեկացնում են պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակից։
Տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Քանի որ, երիտասարդների էներգիայի այս դրևորումը, կարծես թե մեր հասարակությունում բավականին գլոբալ հարց է դառնում և բազմաթիվ հարցեր են առաջացել այս դեպքի կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ դեռ մոտավորապես 1 ամիս առաջ Գուրգեն Գուրգենի Արսենյանը իր տարիքակիցների հետ Երևանի ակումբներից մեկում վիճաբանել է և դրան հետևած անձնական հողի վրա ծագած վիճաբանությունը ավարտվել է ձեռնամարտով: Ինչպես արդեն հայտնի է, ներկա պահին գործը գտնվում է իրավապահների տիրույթում:
Հավելեք նաև, որ ներկա պահին համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ իրավական պաշտպանությունն իրականանցնելու համար: Գուրգեն Գուրգենի Արսենյանը ունի փաստաբան, ով զբաղվում է տվյալ գործով, ավելացնենք նաև, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից՝ եղել է արտերկրում, զանգահարել է, զգուշացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաև ֆաքս է ուղարկել և տեղեկացրել, որ սույն թվականի մայիսի 12-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել:
Ի դեպ, իր որդու արտերկրում գտնվելու փաստի և մայիսի 12-ին վերադառնալու մասին համապատասխան մարմիններին տեղեկացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այդ ժամանակ նույնպես բացակայել է հանրապետությունից:
Նշենք նաև, որ օրենքով ընձեռնված բոլոր հնարավորություններն օգտագործվելու են, որպեսզի ապացուցվի, որ այս միջադեպը պարզապես երիտասարդների միջև անձնական հողի վրա ծագած վիճաբանության է, որը չգիտես ինչու նախաքննական մարմինը որակել է որպես «ծանր» խուլիգանություն և Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Բազմաթիվ հարցերին ի պատասախան, տեղեկացնենք նաև, որ մեր տեղեկություններով ներկա պահին, տվյալ գործով, կալանավորված է միայն ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին»։
Ավելի վաղ Panirama.am-ը տեղեկացրել էր, որ երիտասարդին մեղադրանք էր առաջադրվելՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ «Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»: