Коммерсант. «Շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»
Վիեննայում կհանդիպեն նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հանդիպմանը ներկա են լինելու ԱՄՆ Պետքարտուղարը, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Այս մասին գրում է «Коммерсант» թերթը:
Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ դիվանագետները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ կարևորելով Բաքվի ու Երևանի միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ «հրադադարի ռեժիմի ու փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների սահմանման համար»:
Թերթի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը նշել է, որ բանակցության կողմերը հասկանում են միջնորդների դերը աշխարհում, հետևաբար քիչ հավանական է, որ առանց նրանց ինչ-որ քայլեր ձեռնարկեն.
«Հանդիպումը հաստատում է Ռուսաստանի և ԱՄՆ համատեղ ձգտումը՝ անել այնպես, որ իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթանա բանակցային շրջանակներում։ Նրանք գիտակցում են Մինսկի խմբի համանախագահների ազդեցությունն աշխարհում ու այդ պատճառով դժվար թե պատրաստ լինեն ինչ-որ քայլեր ձեռնարկել առանց Մինսկի խմբի հետ համաձայնեցնելու: Թե մեկ, թե մյուս կողմի փաստարկները, կարծում եմ, ստիպված կլինեն լսել»:
Ազգային ռազմավարության հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովն էլ իր հերթին պարբերականի հետ զրույցում նշել է, որ հանդիպումից թեև շատ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, բայց այն ինքնին կարևոր է.
«Առաջին քայլը՝ ինչպես դա տեղի կունենա, կարող է որոշակի հիմք ստեղծել այդ կրքերի հետագա աստիճանական հանդարտեցման համար։ Դա հերթական, ընդհանուր առմամբ ոչ վատ առիթն է, որպեսզի թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանը միասնական մոտեցում ցուցաբերեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:
Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը թերթի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշել է, որ բախումների դադարեցման համար հիմքեր կան, և որ հակամարտության քաղաքական կարգավորմամբ առաջին հերթին հետաքրքրված են Մոսկվան և Վաշինգտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին