Այսօր սկսվեց Եղիական պահքը
Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված չորս եղանակի պահքերից ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս շաբաթապահքը, ինչպես մյուս եղանակի պասերը, եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, իսկ ավանդաբար կոչվում է Եղիական միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակին հանդիպող Եղիա մարգարեի հիշատակության տոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պասի բարեկենդանը՝ Հոգեգալստյան կիրակի)։ Զատկի օրվա փոփոխման հետ պասի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ը։ Ինչպես մյուս եղանակների պասերը, այս պահքը ևս տևում է 5 օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ։