Պեկինում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը
Պեկինի առողջապահության ու ընտանիքի պլանավորման հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ մայրաքաղաք Պեկինում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զիկայով վարակվել է Շանդուն նահանգի բնակիչ 29-ամյա չինուհին, որը Վենեսուելայից Պեկին է ժամանել հիվանդության ախտանշաններով:
Ըստ աղբյուրի՝ մայիսի 11-ին նրա ջերմությունը բարձրացել է և մարմնի վրա ցան է առաջացել: Մայիսի 13-ին եկել է Պեկին և օդանավակայանի սահմանային անցակետում հսկողության ժամանակ կասկածել են, որ նա վարակվել է Զիկա վիրուսով: Դրանից հետո չինուհուն տեղափոխել են հիվանդանոց:
Լաբորատոր անալիզները հաստատել են նրա արյան մեջ Զիկա վիրուսի առկայությունը: Նրա վիճակը այժմ գնահատվում է կայուն: