Կրթական հաստատություն-թանգարան կապը մեզ չի բավարարում. ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ
«Մեզ չի բավարարում դպրոց, կրթական հաստատություն և թանգարան կապը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը:
Նա նշեց, որ ամբողջ աշխարհում թանգարանն ընկալվում է ոչ միայն կրթական տարածք, ավելին՝ դպրոցական ծրագրերում են ընդգրկված, կան դասեր, որոնք անցկացվում են հենց թանգարաններում:
«Մենք դեռ չենք հասնում սրան»,- ընդգծեց Մ. Հարոյանը:
Ըստ նրա, հայաստանյան թանգարաններն ունեն կրթական ծրագրեր, դրանցից չորսը միջազգային մրցույթներում մրցանակի են արժանացել, այս տարի երկու կրթական ծրագիր ներկայացվել է ԻԿՕՄ-ի լավագույն փորձ կրթական ծրագերի միջազգային մրցույթին:
«Թանգարանները պատրաստ են, բայց խնդիր ունենք դպրոցների հետ: Երկու նախարարությունը՝ մշակույթի ու կրթության և գիտության, համակարգված աշխատանքի խնդիր ունեն»,- ասաց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահը:
Մ. Հարոյանի խոսքով, պետք է վերապատրաստվեն նաև ուսուցիչները, որպեսզի պատրաստ լինեն, այսօրվա աչքով նայեն թանգարանին, հասկանան, թե ինչպես պետք է օգտագործեն թանգարանն իրենց աշխատանքի մեջ: