Եթե շատ եք դժվարանում 1-2 երեխա պահեք, բերեք՝ ես կպահեմ. 14 երեխայի հայր
Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Մեքոնյաններն ունեն 14 երեխա՝ 10 աղջիկ, 4 տղա: Մեծ տղան 21 տարեկան է, բանակում ծառայելուց հետո գնացել է արտագնա աշխատանքի: Այսօր Մարտիկ և Անժելա Մելքոնյաններն իրենց 13 երեխայի հետ ապրում են մեկ հարկի տակ երջանիկ, «նույնիսկ լրագրողներ են եկել, 25 րոպե զրուցել ենք ռեպորտաժի համար, 3-4 ժամ չեն ուզել գնալ»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարտիկ Մելքոնյանը պատմեց. «Ես որդեգրված երեխա եմ: Այսպես ասած՝ հորքուրի տղան տալիս է քեռու տղային, երբ մեկ տարեկան եմ եղել: 7 տարեկան էի, հայրս դժբախտ պատահարից մահանում է: Մեծ դժվարությամբ մայրս ինձ պահել, մեծացրել է: 1994 թվականին ղարաբաղյան ազատամարտում հարազատ եղբայրս մահանում է: Այնուհետև ծնողներս որոշում են, որ ես պետք է ամուսնանամ: Ես և կինս որոշել էինք, որ Աստված ինչքան երեխա տա, պետք է ունենանք անկախ դժվարություններից, սոցիալական խնդիրներից»:
Նա նշեց, որ 11 երեխայի մեծացրել են 46 քմ բնակտարածքում: Դիմել են պատկան մարմիններին՝ օգնելու և տարածքը մեծացանելու համար: Որևէ օգնություն չեն ստացել, մինչև բարեգործական մի կազմակերպություն աջակցության ձեռք է մեկնել և 20 տարի առանց տոկոսի վարկ տրամադրել շինարարություն սկսելու համար: Տարածքը 50 քմ-ով ընդարձակվել է: Ընտանիքն ունեցել է կենցաղային խնդիրներ:
Պետական պատկան մարմինները գնացել և տունը նկարել են՝ բարեկարգելու համար: Երկու տարի որևէ պատասխան չի եղել: Մի բարերարի աջակցությամբ սկսվել է տան բարեկարգումը, սակայն, Մ.Մելքոնյանի խոսքով, մարզպետարանից զանգահարել և ասել են դադարեցնել շինաշխատանքները, քանի որ պետությունը խոսք է տվել և իրականացնելու է աշխատանքները: Պետությունը 7,5 միլիոն դրամ է հատկացրել:
«Իհարկե, խնդիրները շատ են, բայց մենք այսօր այդ խնդիրներին չենք նայում: Այսօր այդ խնդիրներն են մեզանից վախենում: Ընդհանրապես, որևէ մեկը չպետք է վախենա խնդիրներից ու երեխա չունենա, այլապես մեր ազգի գենոֆոնդը ո՞նց ենք պահելու: Չեմ ընդունում այն միտքը, կարծիքը, որ մեկ-երկու երեխա հազիվ ենք պահում: Եթե շատ եք դժվարանում, բերեք ես կպահեմ: Իրոք, անկեղծ եմ ասում: Եթե նայենք, բոլոր ընտանիքներում էլ խնդիրներ կան, նույնիսկ մեծահարուստների: Չպետք է նայել դրանց, այլ մտածել երկիրը զարգացնելու և ուժեղացնելու մասին»,- ասաց բազմազավակ հայրիկը:
Ըստ նրա, այսօր պետությունն էլ պետք է մտածի ընտանիքների, բազմազավակ ընտանիքների մասին, օրենքները կատարելագործի և խրախուսի ծնելիությունը:
41-ամյա Մարտիկը (կինը՝ 40 տարեկան) դպրոցն ավարտած աղջիկներ ունի, սակայն նրանք ուսումը չեն ցանկացել շարունակել՝ մայրիկի կողքը լինելու՝ նրան օգնելու, փոքրիկ քույրիկներին և եղբայրներին խնամելու համար:
«Դեմ չեմ մասնագիտություն ստանալուն: Մենք ասել ենք՝ եթե ցանկանում եք, շարունակեք կրթությունը, բայց նրանք չցանկացան: Խիստ ծնողներ չենք, բայց լինում են հարցեր, որ, իհարկե, նկատողություն անում ենք, բացատրում, թե ինչու չի կարելի դա անել, ասել»,- ասաց Մ.Մելքոնյանը:
Նա երրորդ կարգի հաշմանդամ է, բայց հող է մշակում: Նրանց ընտանեկան բյուջեն կազմում է 150 հազար դրամ՝ ընտանիքի հոր, տատիկի թոշակները, երեխաների նպաստը միասին: Մեկ օրում միայն սննդի համար նրանց անհրաժեշտ է լինում 4000-5000 դրամ:
«Պետությունից ստացած գումարը միայն 10 օրվա է բավարար: Իսկ մնացած 20 օրը մեր կողքին կանգնած են բարերարները»,- ասաց 14 երեխայի հայր Մարտիկ Մելքոնյանը: