Հայաստանում գիրք գնողների թիվը նվազել է
Հայաստանում գրքերը նախորդ տարվա համեմատ գրեթե չեն թանկացել: Panorama.am-ի հետ զրույցում Հրատարակիչների ասոցիացիայի նախագահ, «Էդիտ Պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի որոշ չափով նյութերն են թանկացել, ինչի հետևանքով որոշ գրքեր մի քիչ թանկացել են. «Կարելի է ասել, նախորդ տարվա համամետ, համարյա նույն գինն է: Նախորդ տարիներին հրատարկված գրքերը չեն թանկացել»:
«Մեզ մոտ գիրք այնքան շատ չեն գնում: Մենք ստիպված չենք բարձրացնում, որպեսզի մարդիկ կարողանան գնել: Ասեմ, որ մեզ մոտ աշխարհի մյուս երկրների համեմատ, գրականությունն ամենաէժանն է»,- ասաց նա:
Մկրտիչ Կարապետյանը նաև նշեց, որ 20 տոկոսով պակասել է գիրք գնողների թիվը երկու տարի առաջվա համեմատ: Միաժամանակ նա ընդգծեց, որ պատճառը գինը չէ. «Մարդիկ են գնում Հայաստանից, նաև մարդկանց ֆինանսական վիճակը պետք է հաշվի առնել»:
Հրատարակիչների ասոցիացիայի նախագահի խոսքով, այսօր մարդիկ հիմնականում գնում են մանկական գրականություն, հեքիաթներ, մշտապես լավ վաճառվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթները, գեղարվեստական գրականություն շատ քիչ է վաճառվում: