Շտայնմայերը նշել է ՌԴ-ի G8-ի կազմ վերադառնալու պայմանները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը նշել է, որ խոշոր տնտեսություն ունեցող երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի՝ G8-ի կազմ վերադառնալու հարցում: Հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Չկան համոզիչ պատմական փաստարկներ առ այն, որ մեկուսացումը և երես թեքելը ամբողջ աշխարհում կարող են խաղաղության բերել: Այդ իսկ պատճառով զարգացած խոշոր արդյունաբերություն ունեցող երկրները պետք է հետաքրքրված լինեն Ռուսաստանի՝ G8-ի կազմ վերադառնալու հարցում, եթե Ռուսաստանը իրականացնի Մինսկյան համաձայնությունների իր բաժինը»,- նշել է Շտայնմայերը:
Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանի անդամակցությունը միջազգային տարբեր կազմակերպություններին ոչ թե պարզապես «նվեր է Ռուսաստանին», այլ բացառապես պայմանավորված է այն դերով, որը Ռուսաստանը շարունակում է խաղալ աշխարհում:
«Ռուսաստանն իր ներդրումը ունեցավ իրանական ատոմային խնդրի հանգուցալուծման գործում: Իրատեսական առումով յուրաքանչյուրը մտածում է՝ Ռուսաստանը մեզ անհրաժեշտ է միջազգային խոշոր ճգնաժամային կետերը մարելու հարցում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը՝ մասնավորապես նշելով սիրիական և լիբիական ճգնաժամերում Ռուսաստանի ունեցած դերակատարումը: