Նախագահը կարևորել է 1994թ. և 1995թ. համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ինչպես նշվում է, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ` կարևորել է 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցառումների համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:
Ֆ. Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին և պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում: Այդ առումով հայկական կողմը կարևորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ:
Հույս է հայտնվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Վիեննայում այսօր կայանալիք հանդիպումները կնպաստեն ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին