Կյանքից հեռացել է ԿԳ նախարարի խորհրդական Սեմյոն Հախումյանը
Մայիսի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանը, տեղեկացնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Սեմյոն Հախումյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 17-ին ժամը 18:00-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Թաղման արարողությունը՝ մայիսի 18-ին, ժամը 13:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց:
Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում:
1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:
1965-1972 թվականներին աշխատել է ԵՊՀ պրոռեկտոր,
1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարար,
1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար,
1992-2000 թվականներին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
2011 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդականն էր:
Սեմյոն Հախումյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների:
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է: