Մահացել է գեղանկարիչ Արշոն
Ծանր հիվանդությունից հետո` 75 տարեկան հասակում մայիսի 14-ին մահացել է անվանի հայ գեղանկարիչ, կերամիկ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը): Նկարչի որդին տեղեկացնում է, որ նկարչի հոգեհանգստյան արարողությունը կկայանա այսօր ժամը 17:30-20:00` Թևոսյան 10բ հասցեում գտնվող (Ջրվեժ տանող ճանապարհին) հոգեհանգստի սրահում:
Արշոն նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թթ. դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
Ներկայումս նկարչի ստեղծագործական ժառանգության կեսից ավելին վաճառված է: Նկարչի աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա), ինչպես նաև ՀՀ տարբեր պետական հաստատություններում (Սարդարապատի թանգարանում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում և այլուր):
Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով, պատկերման հնարքներով և գույների յուրօրինակ համադրումով: Արշոն նկարահանվել է «Պատմության 36 պահապանները» ֆիլմում` մարմնավորելով Մեսրոպ Մաշտոցին: Ստեղծագործում էր գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն: