Մերոնք հայրենիք կվերադառնան 8 մեդալով
Մայիսի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցան Եվրոպայի սամբոյի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունները, որոնց Հայաստանը ներկայացել էր իր ուժեղագույն մարզիկներով:
Մրցումային առաջին իսկ օրը 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը (ք. Վանաձոր), գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, եզրափակչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սորոնկովին՝ արժանանալով արծաթե մեդալի:
90 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ Պետրոսյանը (ք. Սպիտակ) նվաճեց բրոնզե մեդալ: Մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Մխիթար Մխիթարյանը (ք. Սպիտակ), 3-րդ տեղի համար պայքարում հաղթելով ուկրաինացի մարզիկ Բոգդան Բաբեբկոյին, նվաճեց բրոնզե մեդալ:
Մրցումային երկրորդ օրը մեր հավաքականի համար նույնպես հաջող օր էր: Հայ մարզիկներից 3-ին հաջողվեց նվաճել 3 բրոնզե մեդալ: Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, ք. Գյումրի) և Արսեն Ղազարյանը (74 կգ, ք. Վանաձոր), լավ անցկացնելով գոտեմարտերը, 3-րդ տեղի համար պայքարում արժանացան բրոնզե պարգևների, իսկ մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Նիկոլայանը (ք. Աբովյան), փայլուն հաղթանակ տանելով 3-րդ տեղի համար պայքարում, արժանացավ բրոնզե մեդալի:
Մրցումային վերջին օրը մեր մարզիկներից 2-ին կրկին անգամ հաջողվեց հաջողության հասնել և նվաճել ևս 2 մեդալ: Մարտական սամբոյում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, ք. Գյումրի) եզրափակչում պարտվեց Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչ Արտուշ Արսյանին և բավարարվեց արծաթե մեդալով: Երկրորդ տեղ գրավեց նաև 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը (ք. Եղվարդ)՝ եզրափակչում զիջելով ռուս մարզիկ Ռուսլան Հասանխանովին:
Այսպիսով՝ մեր հավաքականը հաղթանակած վերադառնում է հայրենիք՝ իր հետ բերելով 8 մեդալ, որից 3-ը՝ արծաթե, 5-ը՝ բրոնզե: