Վեբ դիզայնի ամառային դպրոց ծրագիր՝ 13-17 տարեկան դպրոցականների համար
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հունիսի 6-հուլիսի 11-ը կազմակերպում են Վեբ դիզայնի Ամառային դպրոցի ծրագիր 13-17 տարեկանների համար:
Ինչպես տեղեկացնում են ՁՒՀ-ից, ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, որոնք մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): 5 շաբաթվա ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացվի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:
Այս ընթացքում մասնակիցներին կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն՝ մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար: Թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` կինոդիտման և խաղերի տեսքով:
Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կոնֆերանսների դահլիճում` Power Point Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել վեբկայքի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ և վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր:
Ամառային դպրոցի հիմնական թեմաներն են Web ծրագրավորում, գրաֆիկա և դիզայն, կարողությունների զարգացում, փորձի փոխանակման սեմինարներ, ժամանց: