Մինչ 2020թ-ը Գերմանիան 94 մլրդ եվրո կծախսի փախստականների վրա
Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալներով, փախստականների վրա ծախսվող գումարները տարեկան կտրվածքով աճ են գրանցելու՝ ներկա 16.1 մլրդ-ից տարեկան հասնելով 20.4 մլրդ եվրոյի: Հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ինչպես նշվում է, ընդհանուր հաշվարկներով մինչև 2020 թվականը Գերմայի Դաշնային կառավարությունը փախստականների վրա ծախսելու է մոտ 93.6 մլրդ եվրո գումար: Հաշվարկները կատարվել են ֆինանսների նախարարության կողմից՝ հաշվի առնելով դաշնային հողերի առանձնահատկությունները:
Գումարները ծախսվելու են սոցիալական աջակցության, կացարանների, լեզվական կուրսերի, ինչպես նաև աշխատաշուկայում ներգրավվածություն ապահովելու ուղղություններով, որոնց շարքում ամենամեծ ծախսերը բաժին են հասնելու կոմունալ-կենցաղային ծախսերին:
Ըստ կանխատեսումների՝ 2016 թվականին Գերմանիա են հասնելու մոտ 600 հազար միգրանտներ, 2017-ին մոտ՝ 400 հազար: Որոշ հաշվարկների համաձայն, առաջիկա հինգ տարիների ընթացքում միգրանտների առնվազն 55 տոկոսը աշխատանք կունենա: