Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը ԱԺ-ում դրական եզրակացություն չստացավ
Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը դրական եզրակացություն չստացավ:
Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև օրինագծի հեղինակները՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը:
Կառավարության ներկայացուցիչ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ թյուր է այն մտայնությունը, թե կառավարությունը դրական եզարակացություն է տվել օրինագծին: Նրա ներկայացմամբ, կառավարությունը հաստատել է օրինագծին կից ներկայացված կառավարության եզրակացությունը, ինչը չի նշանակում, թե հաստատել է պատգամավորների օրինագիծը:
Պաշտոնյայի խոսքով, կառավարության դիրքորոշումն այն է, որ այս պահին նպատակահարմար չէ ճանաչել Արցախի անկախությունը, քանզի այն կարող է վտանգել բանակցային գործընթացին:
Պատասխանելով տիկին Փոստանջյանի հարցին, Քոչարյանն ասաց, որ այսօր բանակցային գործընթացի մասին խոսելն անիմաստ է:
«Անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, պետք է վստահության միջոցներ կյանքի կոչվեն, որոնց հիմքը ապահովված չէ»,-նկատեց ԱԳ փոխնախարարը:
Հրանտ Բագրատյանը հակադարձեց, նկատելով, եթե ասվում է, որ բանակցային գործընթաց չկա, ապա ինչու է նշվում, որ Արցախի անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին:
«Դուք առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղից գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղություն եք առաջարկում»,-նկատեց պատգամավորը:
Ի պատասխան Քոչարյանն ասաց, որ հարցը այս նախագծի հետ կապ չունի և ավելի մանրամասն նկարող են քննարկել փակ հանդիպման ժամանակ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ փակ նիստ կլինի առաջիկայում և Բագրատյանին էլ կհրավիրեն: Ի դեպ, ներկայացնելով իր դիրքորոշումը, Զաքարյանն ասաց, որ նախագծին դրական եզրակացություն տալ պետք չէ:
«Սա այն պահը չէ, որ ճանաչենք և այս գործողություններին իրավական ձև տանք: Առաջարկում եմ չտալ դրական եզրակացություն նախագծին՝ հաշվի առնելով մեր ունեցած մոտեցումը՝ այս զգայուն, պատմական համազգային խնդրի նկատմամբ»,-նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի ճակատագիրը կորոշվի մայիսի 16-ին
- Շատ էլ ճիշտ է արել Հայաստանի մասնակիցը, որ ծածանել է Արցախի դրոշը. Շարմազանով
- Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը ԱԺ արտահերթ նիստում չի քննարկվի