Արցախը ճանաչելու մասին օրինագիծը դուրս մնաց ԱԺ օրակարգից
Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծը չընդգրկվեց 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգ, այսինքն՝ դուրս մնաց ԱԺ օրակարգից. կողմ քվեարկեց ընդամենը 12 պատգամավոր:
Մինչև քվեարկությունը ԱԺ նիստերի դահլիճում ելույթ ունեցան խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն ու անհատ պատգամավորներ: Մեծ մասը պնդում էր, որ հիմա ժամանակը չէ քվեարկել և ԱԺ օրակարգում պահել Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը:
«Այս օրինագիծը եթե դրվի այսօր քվեարկության կլինի ամենամեծ հարվածը մեր երկրին, հաշվի առնելով այն, որ այսօր Վիեննայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը», -հայտարարեց ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, որը մեկ այլ պատգամավոր վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունից է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ հանրությունը շատ լավ հասկանում է հարցի գինը և պետք է ուղղակի վստահ լինել՝ արդյոք պահն է ճանաչել Արցախի անկախությունը:
«Եթե վստահ լինենք, որ մեր ճանաչումից հետո աշխարհը կհետևի մեզ, ապա դա կարելի է մեկ րոպեում կազմակերպել: Եթե վստահ լինենք, որ ճանաչելով չենք վտանգելու սահմանին կանգնած զինվորին և չենք հրահրելու պատերազմական գործողություններ, եկեք այդ քայլը անենք: Բայց նման քայլ անելուց առաջ պետք է առաջնորդվել մի վնասիր սկզբունքով», -հայտարարեց Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ իր ղեկավարած խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
Քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Այս պահին այնպիսի պատերազմական գործընթացներ չեն, որ ԱԺ-ն որոշի քննարկել այս կարևոր հարցը»,- նկատեց Բիշարյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ իրենց դիրքորոշումը այս հարցում հաստատուն է՝ «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, բնականաբար մենք կարող ենք միայն կողմ քվեարկել նման օրինագծին, բայց եթե վստահ լինենք, որ մեր կողմ քվեարկելը ոչ թե խանգարելու է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, այլ նպաստելու է»:
Զուրաբյանն ասաց, որ իրենք նույնպես չեն մասնակցի քվեարկությանը:
Իրենց հաստատուն դիրքորոշման մասին հայտնեց նաև Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Կարծում եմ՝ բան չի փոխվել արդեն չորրորդ անգամն է այս հարցը քննարկում ենք, մեր տեսակետները նույնն են մնացել: Կարիք չկա նույն արգումանետները կրկնել: Չենք կարող դեմ լինել ԼՂՀ ճանաչմանը, բայց դա պետք է լինի մասնական, ժամանակին, և բանակցողները պետք է ասեն՝ երբ է հստակ դրա ժամանակը գալիս»:
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ երբ գա պատեհ պահը, հարցը կդրվի քննարկման, ասաց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը և հորդորեց գործընկերներին հետ վերցնել օրինագիծը:
Օրինագիծը հետ վերցնելու հորդորով դիմեցին նաև այլ պատգամավորներ, սակայն հեղինակները՝ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը, այդ քայլին չգնացին: Վերջինը գործընկերների համար փորձեց հստակեցնել, որ օրինագիծը ընդամենը քվեարկվում է ԱԺ օրակարգում պահելու համար ու հավելեց. «Թող մտնի օրակարգ, կքննարկենք, կորոշենք », -ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ մինչ այդ Արցախը ճանաչելու մասին օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստացել: