Նոր ավիաընկերությունը Հայաստանի արտահանման շուկան կարող է կապել 150 քաղաքների հետ
Qatar Airways-ը ավելացնում է Հայաստանն իր չվերթների համաշխարհային չվացուցակին և նախատեսում է շաբաթը չորս թռիչք իրականացնել` կապելով Հայաստանը աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Qatar Airways-ի կոմերցիոն տնօրեն Հրուհ Դանլիվինը, ով այսօր առաջին օդանավով ժամանել է Հայաստան:
«Այսօր ունենք 13 դուստր ընկերություն: Մեր նպատակն է Երևանը կապել աշխարհի հետ՝ իմանալով որ հայերը սփռված են աշխարհով մեկ»,-ասաց ընկերության կոմերցիոն տնօրերնը՝ նշելով որ համագործակցում են Airbus-ի և Boing-ի հետ:
Հրուհ Դանլիվինի խոսքով՝ քանի որ ընկերությունը հանդիսանում է նաև բեռնափոխադրող, այն կարող է նաև Հայաստանի արտահանման շուկան կապել աշխարհի տարբեր քաղաքների հետ՝ իրականացնելով մինչև 48 տոննա բեռնափոխադրում:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը՝ նա միայն նշեց, որ իրենց ծառայությունը կմատուցվի մրցունակ գնով. «Ռիսկեր, խնդիրներ հնարավոր է որ լինեն, սակայն մենք կանխատեսում ենք լայն համագործակցություն ՀՀ իշխանությունների հետ, որի արդյունքում էլ ցանկանում ենք թռիչքներն ամենօրյա դարձնել»:
Ասուլիսին ներկա «Զվարթնոց» օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեն էլ նշեց, որ սա բաց երկնքի քաղաքականության կարևոր հնարավորություն է:
Լրագրողների դիտարկմանը, որ էժան թռիչքներից օգտվելու համար հաճախ հայաստանցի ուղևորները գնում են Վրաստան և օգտվում այնտեղի ավիափոխադրողներից՝ Արևելյան Եվրոպայում ընկերության ավագ մենեջեր Ջիովանի Սիմոնինին էլ ասաց. «Մեր ընկերությունը Վրաստանում էլ ունի ամենաօրյա թռիչքներ, կուզենայինք Հայաստանում էլ հնարավորինս արագ հասնել դրան, իսկ գնային քաղաքականությունը կհետևի այստեղի զարգացումներին»: