ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները
Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Կարևորելով ՄԽ համանախագահողների մայիսի տասներկուսի հայտարարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994թ. զինադադարի մասին և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը: Ընդգծելով փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներն են նախաձեռնել ներկայիս հանդիպումը: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետևողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան