ՊՆ-ն տեղեկություն չի տրամադրում ռուսական կողմից գնված 200 մլն-անոց զենքի մասին
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հստակ պատասխաններ չունի հարցին, թե արդյոք ռուսական կողմից 200 մլն դոլարով գնված զենքը հասե՞լ է Երևան, թե՞ ոչ կամ ե՞րբ կհասնի:
«Զենքի ձեռքբերման գործընթացը մշտական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի տարբեր ձևի, բնույթի զենք-զինամթերք, ռազմական նշանակության կառավարման և այլ համակարգեր չներկրենք, դա մշտական գործընթաց է», -այսօր ճեպազրույցում հայտարարեց Հովհաննիսյանը՝ պատասխանելով ռուսական կողմից «ապառիկ» պայմաններով գնվող զենքի մասին հարցերին:
Այնուհետև հավելեց. «Ես չեմ կարող ասել առանձին՝ 200 միլիոնից ի՞նչ է բերվել, ի՞նչ է բերվելու. մի կարծեք, որ այդ 200 միլիոնի զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է Հայաստան»:
Հիշեցնենք՝ դեռ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվել էր «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարիների ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին՝ 98 կողմ (1 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով:
Վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին