Արցախում ժամկետային զինծառայողների կողմից հայտնաբերված գտածոները ցուցադրվելու են Տիգրանակերտի թանգարանում
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին, Տիգրանակերտի հնագիտական թանգարանում ցուցադրվելու են Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների կողմից հայտնաբեված անտիկ դարաշրջանի դամբարանադաշտում գտնված գտածոները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Արցախի արևելյան շրջանում ինժեներական աշխատանքներ կատարելիս ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանի փոխանցմամբ, բացվել է անտիկ դարաշրջանի 2 դամբարանադաշտ, որոնցից մեկը ամբողջությամբ է բացված, իսկ մյուսը՝ կիսաբաց է: Նրա տեղեկացմամբ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը համապատասխան աշխատանքներ իրականացնելու նկատառումով մեկնել է տարածք: Տարածքի ուսումնասիրությունից պարզվել է, որ հայտնաբերվել է անտիկ դարաշրջանի 2 դամբարանադաշտ, գտնվել է երկու ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի մի քանի բեկորներ:
«Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են, մաքրման աշխատանքներ են իրականացվում, որից հետո դրանք կհամալրեն մեր ՊՈԱԿ-ի ֆոնդը»,-ասել է Միրջանյանը` հավելելով, որ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, դրանք կցուցադրվեն Տիգրանակերտի հնագիտական թանգարանում:
Վայրը, որտեղից հայտնաբերվել են գտածոները, Տիգրանակերտի ճանապարհին է: Դ. Միրիջանյանը չի բացառում, որ անտիկ շրջանի դամբարանները հետագայում գրավիչ կդառնան զբոսաշրջիկների համար։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ապրիլի սկզբներին ծավալված ռազմական գործողությունների օրերին հայ զինվորները հայտնաբերել են նաև այլ գտածոներ: Ավելի վաղ, հենց առաջնագծում, հայտնաբերվել էր կճուճ (ծիսական անոթ)՝ թվագրված մ.թ.ա. 7-6 հազ.: Սահմանային մեկ այլ վայրից էլ՝ սափոր և դաշույն: Ընդհանուր առմամբ, ապրիլ-մայիս ամիսներին հայտնաբերվել է տարբեր դարաշրջաններին վերաբերող 5 գտածո: «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ում դժվարանում են ասել, թե երբ կսկսվեն դամբարանադաշտերի ուսումնասիրությունները` նկատի ունենալով ներկա ռազմաքաղաքական իրավիճակը, սակայն վստահեցնում են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում աշխատանքներ կիրականացվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին