Բելառուսի ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների նախօրեին միավորվել է
Մայիսի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի ազգային կոնգրեսի հիմնադիր ժողովը, որն իրենից ներկայացնում է երկրի դեմոկրատական ուժերի միավորումը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Միջոցառման մասնակիցները համաժողովի արդյունքում որոշում են ընդունել երկրի դեմոկրատական ուժերի միավորման մասին և համաձայնեցրել են իրենց մոտեցումներն ու ռազմավարությունը սեպտեմբերին նախատեսված Բելառուսի ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հարցում:
Հասարակական գործիչները, որոնց թվում են Բելառուսի նախագահի նախկին թեկնածուներ Նիկոլայ Ստատկևիչն ու Վլադիմիր Նեկլյաևը, Բելառուսի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը, ընդդիմադիր գործիչ Վյաչեսլավ Սիվչիկը, հայտարարել են, որ անհրաժեշտ է կանխարգելել տարբեր ընդդիմադիր գործիչների միջև մրցակցությունը ընտրությունների ժամանակ:
Բելառուսի Ազգային կոնգրեսի մասնակիցները, մասնավորապես, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր ընտրատարածքում հանդես են գալու մեկ միասնական թեկնածուով:
Միջոցառումը, որն անց է կացվել Մինսկի հրապարակներից մեկում՝ հորդառատ անձրևի տակ, բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ մոտ 100 մասնակից է ունեցել:
Հավաքի վայրի ընտրությունը, ըստ Շուշկևիչի, պայմանավորված է եղել նրանով, որ Բելառուսի իշխանությունները շինություն չեն տրամադրել ընդդիմադիրների իրենց հավաքն անցկացնելու համար: